
ԴիջիԹեքյան տեխնոլոգիական տոները մեկնարկում են սեպտեմբերի 30-ին
05/09/2016
12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
ԴիջիԹեք ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայացնի տեղական և միջազգային շուկայի տեխնոլոգիական նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման տենդենցները: ԻՏՁՄ-ն մասնավորապես կներկայացնի միության կողմից կատարվող ռազմարդյունաբերական համալիրի աջակցմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների որոշակի արդյունքներ, Զորացրվող զինծառայողների ՏՏ կրթության և զբաղվածության ապահովման ծրագիրը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաև Համակարգերի տեսության/մասնակի բակալավրատի նոր մասնագիտության ներդրման և այլ ծրագրեր:
ԴիջիԹեք էքսպոյի հիմնական բաժիններն են`
- Կոմպլեքս ինժեներական լուծումներ
- ՏՏ սարքավորումներ և համակարգեր
- Ծրագրային և վեբ լուծումներ
- Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
- Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
- Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
- Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
ԴիջիԹեքի շրջանակում այս տարի կանցկացվեն.
- «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:
- Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
- «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:
- «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:
- DigiLife սեմիարներ
- ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև հետևյալ միջոցառումները.
- Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
- Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
- Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7
Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը կմիավորի տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերությունների ու շուրջ 60 000 այցելուների:
Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:
Հեշթեգ՝ #DigiTecExpo16